Ադրբեջանից վերադարձած Գեւորգյանների ընտանիքի անդամների մոտ այս պահի դրությամբ որեւէ հիվանդություն չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանը:

Նա նշեց, որ հետազոտել են ամուսիններին եւ նրանց երեք երեխաներին, բարեբախտաբար, այս պահի դրությամբ որեւէ հիվանդություն, վիրուս չի հայտնաբերվել: Գագիկ Մանուկյանն ասաց, որ մոտ մեկ ժամվա ընթացքում նրանց տուն կուղարկեն:

Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 10-ին 52-ամյա հանցագործ Եղիշե Գեւորգյանը, ով մարդու սպանության մասնակից էր եղել, կնոջ եւ երեք երեխաների հետ թաքնվելու փորձ կատարելիս ավտոմեքենայով հատել էր հայ-ադրբեջանական սահմանը եւ հայտնվել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքում: Գեւորգյանները՝ հայրը, մայրը եւ երեք երեխաները, հայրենիք են վերադարձվել դեկտեմբերի 12-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am