ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քաղաքացու նկատմամբ ազգային ատելության շարժառիթով Ադրբեջանի մարտական դիրքերից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանը 2014թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Ջողազի ջրամբարի ափին ձուկ որսալու ընթացքում Ադրբեջանի Հանրապետության` ջրամբարի հակառակ ափին տեղակայված մարտական դիրքից կրակոցներ են արձակվել նրա ուղղությամբ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով։
Ա.Թամրազյանը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանցի դիպուկահարներն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, վաղ առավոտյան կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, արձակված երկու փամփուշտները կպել են նույն գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանին եւ վիրավորել ոտքերը:
Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը մեզ հետ զրույցում նշել է. «Աղասին ջրամբարում ձուկ էր որսում, երբ ադրբեջանցիները մոտ 10 անգամ կրակել են ուղիղ նրա վրա: Երկու ոտքերն են վնասվել, բարեբախտաբար, հիմա կյանքին վտանգ չի սպառնում, հիմա հիվանդանոցում ենք»:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը կրակել է նաեւ այլ գյուղացիների ուղղությամբ: Նրանք կարողացել են արագ կողմնորոշվել եւ թաքնվել:




























