Ճապոնիայի խորհրդարանի Ստորին պալատի ընտրություններին քվեարկողների մասնակցությունը եղել է 52.7%՝ դառնալով 1947 թվականից ի վեր ընտրությունների պատմության մեջ ամենացածրը: Այս մասին տեղեկացնում է Կիոդո գործակալությունը՝ ամփոփելով ընտրատեղամասերից ստացված տվյալները:

Այսպիսով, այս ընտրություններին մասնակցությունը 6 տոկոսային կետով ցածր է եղել նախորդ՝ 2012-ի քվեարկության մակարդակից. այն ժամանակ մասնակցությունը կազմել է 59.32%:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նախնական արդյունքներով, Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը վստահ հաղթանակ է տարել՝ ստանալով պատգամավորական մանդատների կեսից ավելին: Կոալիցիայում նրա ավանդական գործընկեր Կոմեյտո կուսակցությունը 28 մանդատ է ստանում: 2012 թվականին պարտություն կրած Դեմոկրատական կուսակցությունը 40 տեղ է ստանում: