Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու գործով կասկածյալ 41-ամյա Արշակ Սվազյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Նրանց փոխանցմամբ՝ դատաբժշկական նախնական եզրակացությամբ՝ Արամ Մանուկյանին հասցվել է թեթեւ վնասվածք, բայց դատաբժիշկները ասել են, որ սա նախնական եզրակացությունն է, 2-3 շաբաթվա ընթացքում կտան վերջնական եզրակացությունը: Չի բացառվում, որ վնասվածքի աստիճանը փոխվի, քանի որ ՀԱԿ պատգամավորը նաեւ գլխուղեղի ցնցում է ստացել:
«Կասկածյալը ստորագրության ազատ է արձակվել, քանի որ այդ հոդվածը չի նախատեսում ազատազրկում, վերջնական եզրակացությունը ստանալուց հետո կտրվի համարժեք քրեաիրավական գնահատական»,-հայտնեցին Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երեւանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է քննություն:




























