Անհրաժեշտ է ուշադիր կերպով հետաքննել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ կատարված հարձակումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմեբր ի15-ին, ԱԺ ամբիոյից հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նա կոչ է արել իրավապահ մարմիններին շուտափույթ եւ ակտիվ միջոցառումներ իրականացնել: «Մեզ՝ խորհրդարանականներիս, անհրաժեշտ է անընդհատ կապի մեջ լինել ոստիկանապետի հետ եւ նրանից օպերատիվ տեղեկատվություն ստանալ, թե ինչպես է ընթանում մեր գործընկերոջ գործի հետաքննությունը»,-հայտարարել է Ֆարմանյանը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին բռնության դեպքեր են գրանցվում ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ: Մի քանի օր առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանն ու Սուրեն Սարգսյանը: Իսկ դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Ոստիկանությունը պարզել էր, որ հարվածողը եղել է 41-ամյա Արշակ Սվազյանը, որը սակայն բերման ենթարկվելուց հետո ազատ է արձակվել: