Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ որոշումների տեսանկյունից մեր երկիրը ամենալավ վիճակում է՝ հարեւան երկրների համեմատ: Այս մասին դեկտեմբերի 15-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Սա, ըստ նրա, պայմանավորված է բնակչության թվով, դատական համակարգի առանձնահատկություններով, ինչպես նաեւ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի ինստիտուտի գոյության ժամկետով:
«49 որոշում մենք համադրել ենք շուրջ 2000 բողոքի հետ: Ընդունված 49 որոշումից 48-ում գրանցվել է մարդու իրավունքների խախտում, կարծում եմ, որ սա դրական ցուցանիշ է», - նշել է Գեւորգ Կոստանյանը:
Ինչ վերաբերում է ֆինանսական կողմին, գլխավոր դատախազն ընդգծել է. «ՄԻԵԴ-ում 12 մլն եվրոյի բողոքների պայմաններում մենք որպես փոխհատուցում գրանցել ենք միայն 500 հազար եվրոն»: Այլ երկրների համեմատությամբ, մասնավորապես՝ հարեւանների, ըստ Գեւորգ Կոստանյանի, Հայաստանը նույնիսկ նվազագույն նշաձողին չի հասել: «Ամեն դեպքում, երբ որոշում կա, որտեղ գրանցվել է մարդու իրավունքների խախտում, նշանակում է, որ մենք ներպետական համակարգում չենք կարողացել ապահովել տվյալ մարդու համապատասխան իրավունքները: Այդ տեսակետից, իհարկե, դա ինձ անհանգստացնում է», - ասել է Գեւորգ Կոստանյանը:



























