Ֆիլիպինների դատախազությունը ԱՄՆ-ի ծովային հետեւակայինին մեղադրանք է ներկայացրել հոկտեմբերին Օլոնգապո քաղաքում Ջենիֆեր Լոդի սպանության համար, որը նախկինում տղամարդ էր եղել:
Դատախազ Էմիլի դե լոս Սանտոսը (Emily de los Santos) հայտարարել է, թե «բավական հիմքեր» կան ենթադրելու, որ ծովային հետեւակային Ջոզեֆ Սքոթ Փեմբերթոնը (Joseph Scott Pemberton) սպանել է Ջենիֆեր Լոդին (Jennifer Laude), որը նախկինում կրում էր Ջեֆրի անունը: Դատախազը բացառել է նաեւ Փեմբերթոնին գրավի դիմաց ազատելու հնարավորությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Լոդի մարմինը հայտնաբերվել էր հոկտեմբերին՝ Օլոնգապո (Olongapo) քաղաքի հյուրանոցներից մեկի համարում: Ենթադրվում է, որ նրան խեղդել են:
Վաշինգտոնի եւ Մանիլայի բանակցություններից հետո սպանության մեջ կասկածվող զինվորականը ուղարկվել է ռազմական ճամբար: Այդ հաստատությունը հսկում են ֆիլիպինցի հսկիչները:




























