Այսօրվա իրավիճակը, որ եղավ, բնական եմ համարում, բայց միեւնույն ժամանակ չափազանցված եւ քաղաքական ներկայացման տարրեր եմ տեսնում, որովհետեւ առաջինը ՀՀԿ-ն է դատապարտել ազատամարտիկների ու Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցած միջադեպերը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով նրան, որ ոչ իշխանական 4 խմբակցությունները բոյկոտել են ԱԺ նիստը՝ պահանջելով քննարկել Արամ Մանուկյանի դեմ հարձակման հարցը:

Շարմազանովը հիշեցրել է, որ այսօր հայտնաբերել են օրինախախտ քաղաքացուն, եւ խնդիրը գտնվում է իրավական տիրույթում:

«Այն, որ իրենք բոյկոտեցին եւ պահանջեցին մեզնից, որ ընդհատենք եւ արտահերթ նիստ հրավիրենք, ես հիմա իրենց հարց եմ ուղղում` կանոնակարգի այդ որ կետով մենք պետք է ընդհատեինք նիստ եւ այլ հարց քննարկեինք: Ես իմ գործընկերներին խնդրում եմ Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինել եւ Ազգային ժողովը չսարքել շուկա»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ եթե ոչ իշխանական ուժերը գիտեն, որ դա ԱԺ կանոնակարգի խախտում է, սակայն պահանջում են արտահերթ նիստ հրավիրել, նշանակում է ընդամենը քաղաքական շոու են անում:

Շարմազանովը ճիշտ չի համարում այդ հարցով արտահերթ նիստ հրավիրելը, քանի որ համարում է, որ դա պարզապես աղմուկ անելու նպատակ ունի: «Եթե չեք ուզում աշխատել, գնացեք, մի աշխատեք, մահանա էր պետք ուղղակի»,-ամփոփել է նա:

Հիշեցնենք, որ վերջին օրերին բռնության դեպքեր են գրանցվում ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ: Մի քանի օր առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանն ու Սուրեն Սարգսյանը: Իսկ դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Ոստիկանությունը պարզել էր, որ հարվածողը եղել է 41-ամյա Արշակ Սվազյանը, որը սակայն բերման ենթարկվելուց հետո ազատ է արձակվել: