Թուրքիայում դեկտեմբերի 14-ին գյուլենական լրատվամիջոցների դեմ ոստիկանության գործողությունների գլխավոր թիրախը հենց Ֆեթուլլահ Գյուլենն է։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝  գյուլենականների որսի դուրս եկած ոստիկանների ձեռքում գտնվող ցուցակում 38 անձի անուն կա, որի առաջին համարը ԱՄՆ-ում գտնվող Ֆեթուլլահ Գյուլենն է։

Նշվում է, որ ոստիկանության հայտարարության մեջ հիշատակվել է դեկտեմբերի 14-ին ձերբակալված 32 հոգու անուն։

Ձերբակալման որոշման մեջ նշվել է, որ հիշյալ անձինք կասկածվում են «կեղծ ապացույցներ ստեղծելով այսպես ասած հանցագործ խմբավորման դեմ հետաքննություն իրականացնելու»  գործողությանը մասնակից լինելու մեջ։

Ֆեթուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:

Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների դեմ։