Հայաստանում դատախազը կատարում է իր գործառույթները, քննիչը՝ իր. եթե քննիչը ապօրինի որոշում է ընդունում, դատախազի գործառույթը կայանում է այդ ապօրինի որոշման վերացման մեջ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ ունեցած տարաձայնությունների եւ խնդիրների շուրջ հարցին:

«Մենք իրականացնում ենք մեր գործառույթները. այսինքն, եթե քրեական գործ հարուցելու համար հիմք ենք տեսնում, ապա լինի դա քննիչ, դատախազ կամ ցանկացած այլ սուբյեկտ, ապա հարուցում ենք քրեական գործ, ընդ որում՝ անկախ այն բանից՝ ինչպես դա կմեկնաբանվի», - նշեց Գեւորգ Կոստանյանը: Գլխավոր դատախազն ընդգծեց, որ իր համար անընդունելի է, երբ պետական մարմնի գործունեությունը փորձ է արվում մեկնաբանել անձնական հարաբերությունների տեսանկյունից: «Որեւէ մեկի հետ անձնական խնդիրներ ես չունեմ եւ չեմ էլ ունենա: Եվ չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է իր իրավասություններն իրականացնել՝ ելնելով անձնական խնդիրներից: