ԱԺ աշխատանքների բոյկոտը բացարձակապես ոչինչ չի տալիս: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը՝ դիմելով ոչ իշխանական խմբակցություններին:

Պատգամավորները ԱԺ նիստը բոյկոտել են այն բանից հետո, երբ ԱԺ խոսնակը հրաժարվել է դադարեցնել նիստը եւ արտահերթ կարգով քննարկել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ կատարված հարձակման դեպքը:

«Ուզում եմ, որ բոլորն իմանան. Բոյկոտն ու ձախողումը տարբեր բաներ են: Բոյկոտում են օրինագիծը կամ նախաձեռնությունը, իսկ նիստին չներկայանալն արդեն ձախողման փորձ է, որը չհաջողվեց»,-ասել է նա:

ԱԺ նախագահի խոսքով՝ ինքն արդեն խորհրդակցել է խմբակցությունների ղեկավարների հետ: «Մենք Արամ Մանուկյանի հարցով հայտարարության նախագիծ ենք առաջարկել: Հարցերը կարելի է եւ պետք է այդպես լուծել, ոչ թե միտինգային միջոցներով: Առավել եւս, որ բարձրացված հարցերի մեծ մասը մեզ համար ընդունելի է»,-հավելել է Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին բռնության դեպքեր են գրանցվում ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ: Մի քանի օր առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանն ու Սուրեն Սարգսյանը: Իսկ դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Ոստիկանությունը պարզել էր, որ հարվածողը եղել է 41-ամյա Արշակ Սվազյանը, որը սակայն բերման ենթարկվելուց հետո ազատ է արձակվել: