ՀՀ Սահմանադրության շրջանակում գլխավոր դատախազության եւ օմբուդսմենի համագործակցությունն այսօր էլ առկա է, անկախ նրանից՝ բավարարում է դա որոշակի խնդիրների լուծմանը, թե ոչ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Հայաստանի օմբուդսմենի հետ չստացվող համագործակցության մասին հարցին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, ըստ Կոստանյանի, շատ կարեւոր ինստիտուտ է, եւ գլխավոր դատախազության համագործակցությունն այդ ինստիտուտի հետ իրականացվում է օրենքով հաստատված կարգով՝ ՀՀ Սահմանադրության շրջանակում: «Այդ շրջանակում մեր համագործակցությունն այսօր էլ է իրականացվում, անկախ նրանից՝ բավարարում է արդյոք այդ համագործակցությունը խնդիրների լուծմանը, թե ոչ: Սա համագործակցության իմ պարտականությունն է, եւ ես այն խստորեն կատարել եւ շարունակում եմ կատարել», - ընդգծել է Գեւորգ Կոստանյանը:



























