ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (մականունը՝ «Շմայս») իր հասցեին հնչող մեղադրանքներն անհեթեթ է համարում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ կատարված հարձակման փաստը:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների տեղեկատվության, Արամ Մանուկյանի դեմ հարձակման հեղինակը «Շմայսի» վարորդն է եղել:

Այս առնչությամբ Գալուստ Սահակյանն ասել է, որ արդեն խոսել է Առաքել Մովսիսյանի հետ, վերջինս նման մեղադրանքներն ամբողջությամբ անհիմն է համարում: «Առաքել Մովսիսյանը Ղարաբաղյան պատերազմի մարտիկ է»,-հավելել է Սահակյանը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին բռնության դեպքեր են գրանցվում ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ: Մի քանի օր առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանն ու Սուրեն Սարգսյանը: Իսկ դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Ոստիկանությունը պարզել էր, որ հարվածողը եղել է 41-ամյա Արշակ Սվազյանը, որը սակայն բերման ենթարկվելուց հետո ազատ է արձակվել:

Ով իրան նորմալ չի կարում պահի, մենք կարող ենք հանգստացնել. Շմայսը սպառնում է