Պետք չէ շտապել մեղադրել փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողներին հայտարարեց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը: Խորհրդարանը չպետք է դատախազության դերը կատարի, հավելեց նա: «Գիտեմ, որ մեզ մոտ բոլորը խոսում են ինչ մասին պատահի: Սա մի կողմից շատ լավ է, սակայն բավականին բացասական հետեւանքներ կարող է ունենալ», - հավելեց Սահակյանը: Նրա խոսքով՝ ղարաբաղյան պատերազմի  մասնակիցների եւ ՀԱԿ պատգամավորական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ կապված միջադեպերը չպետք է շղթայական ռեակցիա համարել:

Ի պատասխան հարցին՝ ինչպես է նա գնահատում  իշխանություններին վարկաբեկողների ականջները կտրելու Երանոսյանի սպառնալիքները, Սահակյանը պատասխանեց, որ այդ հայտարարությունը ավելի կտրուկ է հնչում պաշտոնյայի շուրթերից, քան կհնչեր ինչ-որ այլ մարդու կողմից: «Իհարկե, ես կարծում եմ, որ պաշտոնյաները ավելի զուսպ պետք է լինեն: Սակայն դրա պատճառով այդ միջադեպերի կազմակերպման համար մեղադրել պետք չէ: Սկզբում պետք է ապացուցել մարդու մեղքը, եթե այդպիսին կա», - հայտարարեց Սահակյանը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին բռնության դեպքեր են գրանցվում ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ: Մի քանի օր առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանն ու Սուրեն Սարգսյանը: Իսկ դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Ոստիկանությունը պարզել էր, որ հարվածողը եղել է 41-ամյա Արշակ Սվազյանը, որը սակայն բերման ենթարկվելուց հետո ազատ է արձակվել: