Այս պահին նպատակահարմար չեմ գտնում եւ անհիմն եմ համարում Արամ Մանուկյանի դեմ հարձակման հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը, որովհետեւ մեր ընդդիմադիր գործընկերների պահվածքը ցույց տվեց, որ նրանց նպատակը ոչ թե խնդրի լուծումն է, այլ ավելի շատ քաղաքական աղմուկ հանելը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն կմասնակցի ոչ իշխանական պատգամավորների կողմից հրավիրված արտահերթ նիստին:
Նշենք, որ քիչ առաջ ԱԺ չորս խմբակցություններ (ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, «Ժառանգություն») ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նպատակով ԱԺ քարտուղարությունից ստորագրությունների ձեւաթուղթ են վերցրել: Նրանք պահանջում են արտահերթ նիստում հայտարարություն ընդունել, որով կպահանջեն փոխոստիկանապետ, Ներքին գործերի հրամանատար Լյովա Երանոսյանի հրաժարականը:
«Նոր ծանոթացել եմ ձեւաթղթին, որտեղ այնպիսի գաղափարներ կան, որ դրանք պառլամենտականի լիազորությունների հետ կապ չունեն եւ ուղիղ միջամտություն են հանրապետության նախագահի լիազորություններին, ու ծիծաղելի է, որ նման հարց պառլամենտը քննարկի»,-ասել է նա:
Շարմազանովը նկատել է, որ ԱԺ նախագահը հայտարարության նախագիծ է ներկայացրել, որտեղ դատապարտում է տեղի ունեցած բռնությունները. «Դրանից այն կողմ էլ ինչ պիտի անի խորհրդարանը, խորհրդարանը ոչ իրավապահ մարմին է, ոչ դատախազություն, ոչ քննչական կոմիտե, ոչ էլ ոստիկանություն»:
ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ ոստիկանության օրենքով փոխոստիկանապետին, Ներքին գործերի հրամանատարին ազատում ու նշանակում է երկրի նախագահը:
«Իրենք շոու արեցին, մենք էլ շոուին չմասնակցեցինք»,-ամփոփել է Շարմազանովը:




























