Մինչեւ 2016 – 17թթ. Հայաստանը կպահպանի երրորդ երկրներից արտադրական հումքի ներկրման ներկայիս ռեժիմը: Այս մասին դեկտեմբերի 15-ին հայտարարել է Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով օրինագծերի փաթեթ, որոնք բխում են ԵՏՄ-ին երկրի անդամակցությունից:
Նա նշել է, որ մինչեւ 2016թ. երրորդ երկրներից արտադրական հումքի ներկրման գործող մաքսատուրքերը կպահպանվեն, իսկ մինչեւ 2017թ. նույնը կմնան գործող ազատ տնտեսական գոտիների դեպքում: Դրանից հետո ուժի մեջ կմտնեն Եվրասիական տնտեսական միության մաքսատուրքերը:
Այնուամենայնիվ, պատրաստի արտադրանքի արտահանումը նախկինի պես ազատված կլինի վճարներից: Տարբերությունն այն է, որ հումքը կձեւակերպվի ոչ թե ժամանակավոր ներկրման, այլ ներքին սպառման ներկրման ռեժիմով, իսկ ֆիսկալ վճարումները կգանձվեն սահմանին: Բայց արտահանման դեպքում դրանք կվերադարձվեն, հստակեցրել է Միրումյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ԵՏՄ-ին անդամակցությունը ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրել էր ՀՀ խորհրդարանը, դեկտեմբերի 10-ին՝ միաձայն վավերացրել էր Պետդուման: Հայաստանը ԵՏՄ անդամ պետք է դառնա 2015թ. հունվարի 1-ից:




























