Հանրապետական կուսակցությունը խափանել է պատգամավոր Արամ Մանուկյանի հարցով արտահերթ նիստը: Արտահերթ նիստը սկսվել էր ժամը 18:30-ին, ոչ իշխանական ուժերի նախաձեռնությամբ, որոնք հավաքել էին անհրաժեշտ 44 ստորագրությունները: Պատգամավորները պահանջում էին արտահերթ նիստ գումարել՝ հաստատելու Արամ Մանուկյանի դեմ հարձակումը դատապարտող հայտարարությունը եւ պահանջելու պատասխանատու պաշտոնյաներին պատժել:
Նիստին ՀՀԿ-ից ոչ ոք չի ներկայացել՝ բացի Գալուստ Սահակյանից եւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից: Ներկա են եղել ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները՝ անհրաժեշտ 66-ից միայն 45-ը:
Նիստը ձգվել է երեք ժամով, եթե մինչեւ 21:30-ը քվորում չլինի (ըստ ամենայնի, այդպես էլ կլինի), նիստը ավարտված է համարվելու:
Նշենք, որ Արամ Մանուկյանի դեմ հարձակումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 11-ին, իր տան մոտ: Բերման էր ենթարկվել, ապա ստորագրությամբ ազատ արձակվել ոմն Արշակ Սվազյան:



























