Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներում արտադրված ապրանքների ներմուծման դեպքում մաքսային ձեւակերպումները կարելի է կատարել մինչեւ 6 ամսվա ընթացքում: Այս մասին դեկտեմբերի 15-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով «Մաքսային կարգավորման մասին» օրինագիծը, որը մշակվել է ԵՏՄ օրենսդրությանը համապատասխան, որին Հայաստանը պաշտոնապես կանդամակցի 2015 թվականի հունվարի 1-ից:

Ներկայում ապրանքների հայտարարագրումն եւ մաքսային վճարների կատարումը սահմանափակվում են 10 օրով: Նոր կարգավորումը ենթադրում է, որ ապրանքները մաքսային պահեստներում կարելի է ժամանակավոր պահել մինչեւ 2 ամիս: Եթե ընկերությունը այս կամ այլ պատճառներով չի տեղավորվում ժամկետների մեջ, կարող է օգտվել այդ հնարավորությունից: «Ընդ որում, մաքսազերծումից հետո ապրանքները ներմուծողի տրամադրության տակ կլինեն հենց նույն օրը»,- նշեց փոխնախարարը:

Առանձին դեպքերում Կառավարությունն իրավունք կունենա հետաձգել մինչեւ 6 ամիս ժամկետով ապրանքների առանձին խմբերի ձեւակերպումը: Բայց այդ ժամկետում նախատեսվելու է տոկոսների վճարում՝ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տարեկան դրույքաչափի սահմաններում՝ օրական հաշվարկով:

«Ամեն դեպքում, հետաձգումը կամավոր է, իսկ դա նշանակում է, որ այդ վճարումները պարտադիր չեն բոլորի համար»,- պարզաբանեց Միրումյանը: