Բելառուսի Ներկայացուցիչների պալատն այս շաբաթ ծրագրում է սկսել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման շուրջ օրինագծի քննարկումը: Այս մասին դեկտեմբերի 15-ին հայտարարել է Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Նիկոլայ Սամոսեյկոն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Սամոսեյկոն ասել է, որ պայմանագիրն առայժմ չի ներկայացվել բելառուսական խորհրդարան: Նրա խոսքով, պատգամավորները հույս ունեն, որ փաստաթուղթն իրեն դիտարկմանը կներկայացվի արդեն այս շաբաթ:

Նշենք, որ Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նստաշրջանը նախանշված է դեկտեմբերի 17-ին, իսկ դեկտեմբերի 19-ին ծրագրվում է խորհրդարանի նստաշրջանի փակումը: Վերին պալատի նստաշրջանը ծրագրված է դեկտեմբերի 18-ին եւ 19-ին:

Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրեցին եւ արդեն վավերացրեցին 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը: Այս տարվա հոկտեմբերի 10-ին էլ Մինսկում ստորագրվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակության մասին պայմանագիրը: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը մեր երկրի խորհրդարանը վավերացրեց դեկտեմբերի 4-ին, իսկ Ռուսաստանի Պետդուման՝ դեկտեմբերի 10-ին: