Մինչեւ Եվրասիական միության Մաքսային օրենսգրքին անցնելը Հայաստանը ղեկավարվելու է «Մաքսային կարգավորման մասին» օրենքով: Այս մասին դեկտեմբերի 15-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով օրինագիծը, որը մշակվել է ԵՏՄ օրենսդրությանը համապատասխան, որին Հայաստանը պաշտոնապես կանդամակցի 2015 թվականի հունվարի 1-ից:

Նրա խոսքով, գործող Մաքսային օրենսգրքով նախատեսված մի շարք կարգավորող միջոցներ 2015 թվականի հունվարի 1-ից, օրենսգրքի հետ միասին, ուժը կկորցնեն: Դրանց կփոխարինեն «Մաքսային կարգավորման մասին» օրենքի դրույթները: Դրանցով չնախատեսված հարցերը կարգավորվելու են գործող իրավական ակտերի այլ դրույթներով: «Դրանք կգործեն՝ մինչեւ նոր միջոցների հաստատումը»,- հայտարարեց Միրումյանը:

Անցողիկ շրջանը տեւելու է մինչեւ եվրասիական ինտեգրման հիմքով Մաքսային օրենսգրքի նոր խմբագրման ընդունումը: