Հայաստանից արտահանումը, Եվրասիական տնտեսական միության այլ երկրների համեմատ, դյուրացված է լինելու: Այս մասին դեկտեմբերի 15-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ հաշվարկների եւ անուղղակի հարկային վճարների առանձնահատկությունների մասին» օրինագիծը:
Արտահանվող ապրանքների մասով պահպանվելու են զրոյական ԱԱՀ-ն եւ ակցիզը: Այս հարկատեսակների գծով հարկավոր է միայն երկու փաստաթուղթ ներկայացնել. արտահանման, ինչպես նաեւ ապրանքների ներմուծման եւ ներմուծողից անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարագիր: Դա հարկավոր է անել 180 օրվա ընթացքում:
Համեմատության համար նշենք, որ ապագա Եվրասիական միության այլ հանրապետություններում ավելին են պահանջում. ներմուծողի բանկային հաշվի քաղվածք, առեւտրային պայմանագիր եւ այլն: «Մենք սահմանափակվում ենք միայն երկու փաստաթղթով, որոնցից հրաժարվել պարզապես չենք կարող»,- հավելեց փոխնախարարը:
Ավելին, եթե մի շարք պատճառներով հայկական արտահանողի գործընկերը իր հանրապետության հարկային մարմիններին նման հայտարարագիր է ներկայացնում, բայց չի փոխանցում Հայաստանի գործընկերոջը, Հայաստանի հարկային ծառայությունը ԱԱՀ չի հաշվարկում (իսկ ակցիզային ապրանքների դեպքում՝ նաեւ ակցիզից):
«Եթե մենք ներմուծման երկրից տեղեկություններ ենք ստանում, որ այդ տվյալներն այնտեղ ներկայացվել են, մեզ համար բավարար են: Եվ քանի որ մենք գործընկերների հետ մշտապես տվյալներ ենք փոխանակելու, վստահ ենք, որ նաեւ ժամանակին դրանք կստանանք»,- հավելեց Միրումյանը:



























