Խարդախության եւ առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացման համար 12 տարի ազատազրկման դատապարտված՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանն արդեն պատրաստում է դիմումը, որով բողոքարկելու է առաջին ատյանի կայացրած որոշումը:
«Արդեն բողոքն եմ պատրաստում. բողոքարկում ենք ոչ միայն պատժաչափը, այլեւ արարքի իրավական որակումը: Դիմումը պատրաստելուց հետո մանրամասն կխորհրդակցեմ պաշտպանյալիս հետ եւ բողոքը կներկայացնենք Վերաքննիչ քրեական դատարան»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Վազգեն Խաչիկյանը, Ժորա Վարոսյանը նշեց, որ այդ մասին դեռ մանրամասն չի խոսել իր պաշտպանյալի հետ:
Նշենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 8-ին, մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, նաեւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել 12 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել եւ յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 ՀՀ դրամ գումար:




























