Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հստակություն է ակնկալում Ռուսաստանից՝ Բելառուսի հետ հարաբերություններում: Այս մասին նա հայտարարել է դեկտեմբերի 16-ին Անվտանգության խորհրդի նիստում:
«Արեւելքի մեր հարազատ եղբոր պահվածքը չի կարող չզգոնացնել: Ցանկանում եմ պարզել՝ ինչի՞ համար է պետք ՌԴ նման քաղաքականությունը Բելառուսի հանդեպ», - հավելել է Ալեքսանդր Լուկաշենկոն: «Մենք չենք դրամատիկացնում վիճակը, պարզապես հստակություն ենք ցանկանում», - նշել է Լուկաշենկոն, փոխանցում է «Բելտան»:
Նա նաեւ ընդգծել է, որ ցանկացած պետության համար տնտեսությունը հարվածելու շատ վտանգավոր ուղղություն է:
Մեկ օր առաջ Լուկաշենկոն արդեն կառավարությանը կոչ էր արել դադարել Ռուսաստանի համար աղոթելուց եւ իրացման նոր շուկաներ գտնել:
«Մենք չենք կարող հավերժ աղոթել ռուսական շուկայի համար, թեեւ Ռուսաստանը մեր եղբայրական երկիրն է: Տեսնում եք, նրանց շուկան փուլ եկավ, մենք էլ դրա հետքերով գնացինք», - Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «Բելառուսի նորությունները»:



























