Թող փոխոստիկանապետը գա խորհրդարան եւ ապացուցի մարդկանց սպառնալու եւ լակոտ անվանելու իրավունքը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ոչ իշխանական ուժերի (ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, «Ժառանգություն») համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նա ընդգծեց, որ իշխանություններին վիրավորող «ցանկացած լակոտի ականջները կկտրի» արտահայտությունը թույլ տված փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը պետք է ներկայանա խորհրդարան եւ բացատրի՝ ո՞ր օրենքն է նրան իրավունք տալիս այդպես խոսել: «Մենք պահանջում ենք նրա անհապաղ հրաժարականը: Իսկ եթե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սահմանափակվի ընդամենը նկատողությամբ, դա կխոսի շատ բանի մասին. հովանավորչությունը անքակտելիորեն ներհյուսվել է իշխանությանը», - ասաց Զոհրաբյանը:
Նշենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն, մոտ մեկ շաբաթ առաջ փոխոստիկանապես Լեւոն Երանոսյանը հայտարարել էր, որ իշխանությանը վիրավորող «ցանկացած լակոտի ականջները կկտրի»: Այդ նույն օրերին ծեծի էին ենթարկվել ղարաբաղյան պատերազմի վետերանները եւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:




























