Ռիգայում ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովով կսկսվի նոր փուլ՝ ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ դրա գործնական իրականացման տեսանկյունից: Այս մասին դեկտեմբերի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
Անդրադառնալով ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի արդյունավետության հարցին՝ նա ընդգծել է. «Ես գիտեմ, որ շատերը սկսել են համագործակցության այդ մեխանիզմի «կարապի երգը» երգել, սակայն ցանկանում եմ ասել, որ սա վերջը չէ, այլ ավելի շուտ նոր սկիզբ է, քանի որ ծրագրի մասնակից 6 երկրների հետ մենք շատ գիտելիքներ եւ մասնագիտական փորձ ենք կուտակել»:
Ծրագրի ամենասկզբից մինչ այժմ, նշել է դեսպանը, ԵՄ-ն եւ «ԱԳ» ծրագրի անդամ երկրները ավելի լավ են հասկացել միմյանց առաջնահերթությունները: «Կիրառելով այսպես կոչված տարբերակված մոտեցումը եւ «ավելին՝ ավելիի համար» սկզբունքը, մենք կարող ենք ավելի շատ հաշվի առնել անդամ երկրների գերակայությունները: Վստահ եմ, որ ապագայում տարբերակված մոտեցումը կպահպանվի», - նշել է Հրիսթեան: Ի պատասխան հարցին, թե ինչպես է շարունակվելու ԵՄ-ի համագործակցությունն Ադրբեջանի հետ, դեսպանը պատասխանել է. «ԵՄ-ի վերաբերմունքը ցանկացած անդամ երկրի պայմանավորված կլինի այդ երկրի արժանիքներով»:




























