Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը թռիչային գնաճի դեմ առաջարկում է պայքարել ծապխսերը նվազեցնելով։
«Ամանորին խոզի բուդը, պասուց տոլման, կոնյակը, օղին պետք է մոռանանք: Հայ միջին խավի ընտանիքն այսօր ֆինանսապես ի վիճակի չէ իրեն նման ճոխություն թույլ տալ՝ հաշվի առնելով թռիչքային գնաճը»,- այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց սոցիոլոգը։
Սոցիոլոգի հաշվարկով՝ 4 հոգանոց ընտանիքին 200 դոլարը կբավարարի ամանորյա ծախսերի համար:
«200 դոլարը կհերիքի սեղան դնելու համար: Ճիշտ է՝ այդ սեղանը շատ ճոխ չի լինի, բայց նսեմացնող էլ չի լինի»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Նա քաղաքացիներին կոչ արեց վարկ չվերցնել և Ամանորը ճոխ սեղանների շուրջ չդիմավորել, այլ բավարարվել ունեցածով. «Սեղանին դրեք այն, ինչ ունենք, և դրանով իսկ գոհ եղեք, պետք չէ տխրել, և որ ամենակարևորն է` իմաստ չունի տոկոսով գումար վերցնել և տոնը նշել ու ամբողջ տարվա ընթացքում չարչարվել, այդ վարկը մարել»,- ասաց Ադիբեկյանը՝ առաջարկելով, այնուամենայնիվ, չմոռանալ երեխաների համար նվեր գնել։
Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ խաշլամայով, կարմիր գինով, գաթայով և մի փոքր էլ աղանդերով կարելի է հայկական լավագույն ամանորյա տոնական սեղանը պատրաստել: Սոցիոլոգը նաև նշեց, որ Ամանորը լավ կարող են տոնել միայն այն ընտանիքները, ովքեր դրսից դոլար են ստանում, իսկ նրանք, ըստ սոցիոլոգի, քիչ չեն՝ «Յուրաքանչյուր վեցերորդ ընտանիք դրսից դոլար է ստանում: Իսկ թոշակով և աշխատավարձով հնարավոր չէ Ամանորը տոնել»:


























