Երեւանում ամանորյա ձեւավորման լույսերը կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը միացնելու հանդիսավոր արարողությամբ, որով էլ կտրվի մայրաքաղաքի տոնական միջոցառումների մեկնարկը։ Ամանորի օրերին մայրաքաղաքը հագեցած է լինելու տոնական միջոցառումներով. վարչական բոլոր շրջանների կենտրոնական հրապարակներում՝ յուրաքանչյուրում մեկական օր, մինչեւ հունվարի 31-ը, տոնածառերի մոտ կանցկացվեն տոնական համերգներ ու տարբեր միջոցառումներ։

«Ովքեր կնախընտրեն բացօթյա միջոցառումները, համոզված եմ, կգոհանան. դրանց ճաշակն ու որակն ապահովված է բազմազանությամբ։ Այս տարի եւս համագործակցում ենք մասնավոր հատվածի հետ, մասնավորապես՝ խանութների, օբյեկտների, որոնց տոնական ձեւավորման համար հայտարարված է մրցույթ։ Լավագույն ձեւավորում ապահոված մասնավոր ընկերությունները կպարգեւատրվեն քաղաքապետի կողմից»,- մայրաքաղաքում Ամանորի տոնական գլխավոր միջոցառումներն ու ծրագրերը ներկայացնելով՝ նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Դեկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը միացնելու միջոցառումը կմեկնարկի ժամը 19։00-ին։

«Միջոցառմանը մասնակցելու է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով խորհրդանշական արարողությամբ կմիացնի գլխավոր տոնածառի եւ ամբողջ Երեւանի տոնական լուսավորությունը։ Միջոցառումը կշարունակվի էստրադային համերգային ծրագրով, որին մասնակցելու են հանրահայտ երգիչ-երգչուհիներ։ Բոլորին հրավիրում ենք Ամանորն սկսել հենց այս միջոցառումով»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 17։00-ին Կարապի լճում հանդիսավորությամբ բացվելու է սահադաշտը։

Նոր տարին դիմավորելու տոնակատարությունը Հանրապետության հրապարակում մեկնարկելու է դեկտեմբերի 31-ի երեկոյան եւ շարունակվելու է մինչեւ կեսգիշերն անց. ճիշտ կեսգիշերին տարեմուտը նշանավորվելու է ամանորյա մեծ հրավառությամբ։ Տոնական համերգին մասնակցելու են հանրահայտ երգիչներ ու խմբեր։ Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ այդ գիշեր մետրոպոլիտենն աշխատելու է մինչեւ ժ. 02։00-ը ։

Հունվարի 5-ին Հանրապետության հրապարակում տոնական միջոցառում է լինելու հատկապես մանուկների համար։ Ժամը 15։00-ից մեկնարկող միջոցառմանը ելույթ կունենան ոչ միայն փոքրիկներն ու մանկական խմբերը, այլեւ վաստակավոր, ժողովրդական արտիստներ, ովքեր կկատարեն մանկական երգեր, նաեւ դուետներ՝ այն պատանի երգիչ-երգչուհիների հետ, ովքեր հաջողություններ ունեն երգարվեստում, տեղական ու միջազգային մրցույթներում։

Սուրբծննդյան տոնին այս տարի եւս թեմատիկ համերգ է ծրագրված։ Հունվարի 6-ին Հանրապետության հրապարակի բեմում ելույթ կունենան ազգային երգի ու պարի, ինչպես նաեւ հոգեւոր երաժշտություն կատարող համույթներ։

Ամանորյա միջոցառումների ամփոփիչ համերգը հունվարի 13-ին է, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի շուրջ։

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է նաեւ Ամանորին ավանդական դարձած՝ քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական ծրագիրը։ 24 հազար 300 ընտանիք տոնի նախօրեին քաղաքապետարանի կողմից սննդային փաթեթներ կստանա։

«Ամանորյա միջոցառումների սոցիալական բաղադրիչով կարծում եմ որոշ չափով օգտակար եղած կլինենք անապահով ընտանիքներին»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Երեւանի քաղաքապետարանը տոնական նվերներ՝ քաղցրավենիքով փաթեթներ է պատրաստել 38.500 փոքրիկների՝ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների բոլոր սաների, ինչպես նաեւ սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքների երեխաների համար։ 4000 երեխաների տրվելու են նաեւ ամանորյա ներկայացումների տոմսեր։  Արամ Սուքիասյանը նշել է նաեւ, որ ամանորյա մանկական ներկայացումներ են բեմադրվել նաեւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության թատրոններում՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում, Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում։