Հայաստանի ՊՆ N զորամասում 2013թ. դեկտեմբերի 10-ին ինքնասպան եղած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Հովակիմյանի գործով դատապարտվածների Վերաքննիչ բողոքի քննությունն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվեց առանց տուժող կողմի իրավահաջորդի եւ նրա ներկայացուցչի ներկայության, քանի որ դատաքննությունը վճռաբեկության կարգով էր ընթանում։ Գործով դատապարտվածների փաստաբանները եւ մեղադրողը այսօր ներկայացրեցին իրենց վերաքննիչ բողոքները։
5 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Պարույր Մկրտչյանի փաստաբան Լեւոն Թորոսյանն իր վերաքննիչ բողոքը ներկայացնելիս նշեց, որ դատաքննության բոլոր կողմերը բողոքներ են ներկայացրել, ինչը վկայում է այն մասին, որ գործի քննությունը թերի է իրականացվել։
«Իմ պաշտպանյալը, երբ կորցրել է հեռախոսը, նրան ուղղորդել են դեպի Վանիչկան, ասելով որ նա է գողացել, իսկ Վանիչկան էլ երբ հերքել է, որ ինքը չի վերցրել հեռախոսը, որեւէ կերպ չի հաստատել իր ասածները՝ ասենք երդմամբ։ Իմ պաշտպանյալն էլ նրա օձիքից բռնում է, թափահարում ու ասում, որ եթե իրոք Վանիչկան է վերցրել, թող վերադարձնի։ Իմ պաշտպանյալին դեպի Վանիչկան ուղղորդել է Գրիգոր Բաբախանյանը, ով իրականում գողացել է հեռախոսը, թաքցրել, սակայն ի վերջո որեւէ պատժի չի արժանացել»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ սխալ որակավորում է տրվել Պարույր Մկրտչյանի արարքին։
Լեւոն Թորոսյանը նաեւ նշեց, որ Պարույր Մկրտչյանը սոցիալապես անապահով ընտանիքից է, եւ նրա համար այդ հեռախոսը կարեւոր նշանակություն ուներ, քանի որ կապվելու էր ընտանիքի անդամների հետ։ Լեւոն Թորոսյանը դատարանին միջնորդեց դատարանին արդարացնել Պարույր Մկրտչյանին։
Պարույր Մկրտչյանը միացավ իր պաշտպանի բողոքին եւ ավելացրեց, որ Վանիչկային չի նեղացրել, կամ նսեմացրել, միայն նրա օձիքից է բռնել ու թափահարել, եւ չի կարծում, որ այդ պատճառով մարդ պիտի ինքնասպանություն գործի։
7 տարվա ազատազրկման դատապարտված Շմավոն Կուրեխյանի փաստաբանը նույնպես միջնորդեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կայացնել արդարացման դատական ակտ, կամ ավելի մեղմ պատիժ նշանակել։
«Շմավոն Կուրեխյանը որեւէ խնդիր չի ունեցել Վանիչկայի հետ, միայն փորձել են պարզել, թե ով է գողացել հեռախոսը, քանի որ դրանից առաջ Վանիչկան մի քանի գողություններ է կատարել։ Բացի այդ Վանիչկան չնչին բանից նեղվող, շուտ բռնկվող եւ չշփվող է եղել, այսինքն՝ անհիմն է մտածել, որ նա իրեն հասցրած վիրավորանքների հիման վրա է կատարել ինքանսպանություն»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ Վանիչկայի մայրը եւ Շմավոնի ծնողները նույն գյուղից են եղել, նաեւ հեռավոր բարեկամներ են, եւ Շմավոնը չէր կարող նրան հասցնել ինքնասպանության։
Փաստաբանի խոսքով՝ Վանիչկան Ռուսաստանում սիրած աղջիկ է ունեցել եւ հնարավոր է, որ անձնական խնդիրների պատճառով է ինքնասպանություն գործել։
Շմավոն Կուրեխյանը միացավ իր պաշտպանի բողոքին՝ նշելով, որ իր մեղքը չի ընդունում, եւ իրեն առանց հիմնավոր փաստերի են 7 տարի ազատազրկման դատապարտել։
Նախագահող դատավոր Սերգեյ Չիչոյանը հետաքրքրվեց, թե ինչու է 23 զինծառայող Շմավոնի դեմ ցուցմունք տվել, ինչին Շմավոնը չկարողացավ պատասխանել։
«Եթե չեք հավատում, հանեք իմ հեռախոսազրույցների վերծանումները եւ տեսեք, որ այդ պահին ես հեռախոսով տուն եմ զանգել։ Անիմաստ տեղը 7 տարի դատվում եմ, չգիտեմ ինչի համար, որ փաստ չկա»,-ասաց Կուրեխյանը, որ տան միակ արու զավակն է, 6 քույրերից հետո։
3 տարվա ազատազրկման դատապարտված, վաշտի հրամանատար, 29-ամյա կապիտան Արման Մուրադյանի փաստաբանը նույնպես միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալին՝ հիմնավորելով, որ իր պաշտպանյալը դեպքից 30 րոպե առաջ է իմացել հեռախոս գողանալու մասին եւ դեպքի պահին եղել է հրամանատարի սենյակում, կատարել է նրա հրամանները։
«Դեպքից հետո Արմանը վկա էր, բայց երբ տուժողի հայրը հանդիպեց պաշտպանության նախարարին եւ բողոքեց սպայական անձնակազմից, նրան նույն օրը ձերբակալեցին՝ առանց կարգավիճակի փոփոխման»,-ասաց փաստաբանը։
Փաստաբանի խոսքով՝ դատաքննության ընթացքում չի հաստատվել նախաքննության վարկածը, ըստ որի Արման Դալաքյանը Պարույր Մկրտչյանից լսել է «էսօր տրուպ ենք տալու» արտահայտությունը եւ դրանից հետո ոչինչ չի ձեռնարկել։
Փաստաբանը նշեց, որ Արման Մուրադյանի խնամքին երկու անչափահաս երեխա կան, տարեց ու հաշմանդամ ծնողներ։
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 22-ին։
Հիշեցնենք, որ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանը գործով մեղադրվող 20-ամյա Շմավոն Կուրեխյանին դատապարտել է 7 տարվա, 21-ամյա Պարույր Մկրտչյանին՝ 5 տարի 6 ամիս, 29-ամյա Արման Մուրադյանին՝ 3 տարվա ազատազրկման։ 20-ամյա Նարեկ Միտոյանին դատարանը նշանակել է պայմանական պատիժ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրենց այլեւս չեն տեսնի։ Դեկտեմբերի 12-ին գտել են նրա թողած գրությունը. Վանիչկան գրել էր, որ ինքնասպանություն է գործում հեռախոսի պատճառով, որն ինչ-որ մեկը գողացել է ու գցել իր ուսապարկը։




























