Ոստիկանությանը չի կարելի օգտագործել ժողովրդի դեմ՝ անկախ այն բանից, թե ումն է իշխանությունը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ոչ իշխանական ուժերի (ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, «Ժառանգություն») համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա հավելեց, որ ճիշտ նույն դիրքորոշումն ուներ նաեւ 1996 եւ 2003թթ. նախագահական ընտրություններից հետո: «Այստեղ իմ դիրքորոշումը չի փոխվել: Ինձ համար տվյալ դեպքում նշանակություն չունի, թե իշխանությունն ումն է», - հավելեց Հակոբյանը: Պատգամավորը հստակեցրեց, որ հենց այդ պատճառով իրենց ժողովրդի հասցեին սպառնալիքներ թույլ տվող բարձրաստիճան ոստիկաններին պետք է անհապաղ ազատել աշխատանքից:
Նշենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն, մոտ մեկ շաբաթ առաջ փոխոստիկանապես Լեւոն Երանոսյանը հայտարարել էր, որ իշխանությանը վիրավորող «ցանկացած լակոտի ականջները կկտրի»:



























