Հայաստանը պարզապես իրավունք չունի նոր վարկեր վերցնելու, դեկտեմբերի 16-ին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ խորհրդարանի ոչ իշխանական ուժերի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժաանգություն», ՕԵԿ») մամուլի ասուլիսում: Դոլարի նկատմամբ դրամի ներկայիս արժեզրկման պայմաններում այդ վարկերի բեռը բնակչության ուսերին ավելի կծանրանա, հավելել է նա:

Իսկ ըստ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ նրանք, ովքեր արժեզրկել են դրամը, պետք է պատասխան տան բնակչությանը: «Եվ մեզ՝ որպես ժողովրդի ներկայացուցիչների: Սա պետք է դառնա խորհրդարանի արտահերթ նիստի թեմա, որը մենք պահանջելու ենք», - նշել է Զոհրաբյանը:

Իր հերթին ՀԱԿ  պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ մարդիկ ավելի վատ են սկսել ապրել, որի հետ չպետք է համակերպվել:

Նոյեմբերի 24-ից Հայաստանում դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացել է, դրամն արդեն արժեզրկվել է շուրջ մեկ երրորդով: