Նոր վարկերը հոսանքի սակագնի մեջ կներառվեն 5 տարուց ոչ շուտ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խորհրդարանում հայտարարեց էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը: Նրա խոսքով՝ բարձրավոլտ ցանցի արդիականացմանն ուղղված Համաշխարհային բանկի նոր վարկը սակագնի վրա արագ ազդեցություն չի ունենա:
«Վարկը կմտնի սակագնի մեջ: Այլ կերպ հնարավոր չէ: Սակայն այդ ծրագիրն անհրաժեշտ է բարձրավոլտ ցանցերի արդիականացման համար», - ընդգծեց Գալստյանը: Այդուհանդերձ, դրանից հետո էլ սակագինը շոշափելիորեն չի բարձրանա. «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերի» մարժան կՎտ/ժ-ի համար պետք է ավելանա ընդամենը 0,2 դրամով, նշեց Գալստյանը (այժմ կՎտ/ժ-ի համար 1,6373 դրամ է):
Համաշխարհային բանկի (Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկ IBRD) հետ համաձայնագիրը ստորագրվել էր օգոստոսին՝ 40 միլիոնի չափով, 25 տարվա ժամկետով, որից 10 տարին՝ արտոնյալ պայմաններով: Ծրագրով նախատեսվում է արդիականացնել 220 կՎտ-անոց «Հաղթանակ» եւ «Չարենցավան-3» ենթակայանները եւ 110 կՎտ-անոց «Վանաձոր-1» ենթակայանը, որոնց 30 տարվա սարքավորումները մաշվել են ֆիզիկապես եւ բարոյապես: Նախագիծը կիրականացնի «Հայաստանի բարձրավոլտ ցանցեր» ՓԲԸ-ն:



























