Օրերս Մոսկվայում գնդակահարել են Ուկրաինայից փախստական 50-ամյա Արթուր Կասադելյանին, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Ականատեսներից մեկի խոսքով՝ Բալակլավսկիի պողոտայում Կասադելյանին է մոտեցել ինչ-որ տղամարդ, մի քանի անգամ կրակել նրա վրա եւ անհետացել բակերում:
Վիրավոր տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն մի քանի ժամ անց մահացել է արյունահոսությունից: Բոլոր գնդակները դիպել են նրա որովայնին: Արթուր Կասադանյանը Մոսկվա է ժամանել այս տարվա հուլիսին: Ավելի վաղ նա կնոջ եւ 4 երեխաների հետ 20 տարուց ավելի ապրել է Ուկրաինայում: Տղամարդը տարբեր աշխատանքներ է կատարել, իսկ վերջին տարիներին աշխատում էր որպես խոհարար:
Երբ Ուկրաինայում ապրելը բարդացել է, նա մեկնել է Մոսկվա՝ հարազատների մոտ, սակայն այստեղ Կասադանյանը մոտ կես տարի աշխատանքր չէր կարողանում գտնել:
Արթուրի մտերիմներն ասում են, որ նա թշնամիներ չուներ եւ նա պատահական զոհ է դարձել: «Նա հանգիստ մարդ էր, չէր ծխում: Ամենայն հավանականությամբ դրանք թմրամոլներ են եղել: Այլ որեւէ մեկը նման բան չէր անի»,-ասել է Կասադելյանի բարեկամուհին:
Մոսկվայի ոստիկանությունը պարզում է սպանության հանգամանքները:

























