Հայկական դրամն արժեզրկվում է ռուսական ռուբլու հետեւից (եւ դա վատ է), սակայն հարցն ունի երկրորդ կողմը. նույն Ռուսաստանում կամ Ուկրաինայում չկա գների այնպիսի աննորմալ բարձրացում, ինչպես Հայաստանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով՝ դոլարի ռեւալվացիան եւ դրամի դեւալվացիան տարբեր գործընթացներ են, եւ Հայաստանում կարող էր այլ սցենար զարգանալ, առանց ռուբլու հետ կապակցման, սակայն փորձագետի խոսքով, սա մեծ քաղաքականություն է, որտեղ նա չէր ցանկանա մտնել:  Փորձագետի համար առավել կարեւոր է այն փաստը, որ նման ծայրահեղ իրավիճակում հայկական շուկան տառացիորեն թողնված է ինքնահոսի, իսկ գործադիր իշխանությունը ոչ մի կերպ չի իրականացնում վերահսկողության իր գործառույթները:

«Հայաստանում Կենտրոնական բանկը ժամկետից շուտ հանգստի է մեկնել, այնտեղ արդեն Նոր տարին սկսել է, բանկերն ինչ ուզում, այն էլ անում են, ոչ մի վերահսկողություն չկա», - նշեց նա՝ հավելելով, որ նույն Ռուսաստանում եւ Ուկրաինայում մեր համեմատությամբ չնչին ինֆլյացիա է, սակայն այն առաջացնում է համապատասխան կառույցների անհանգստությունը, եւ վերջիններս փորձում են այն սանձել:

Փորձագետի խոսքով՝ գործադիր իշխանությունը չպետք է հնչեցնի «կարող են սպեկուլյատիվ պահեր լինել» արտահայտությունը, քանի որ գործադիր իշխանության դերի փաստի արձանագրումն է, այլ խախտումների բացահայտումը: Հակամենաշնորհային հանձնաժողովը, ընդհանրապես արձանագրում է գնաճը, սակայն նրա գործառույթը զսպումն է:

«Տնտեսվարողը առաջին հերթին պետք է գտնվի պետության վերահսկողության տակ եւ հետո միայն օգտվի դրա աջակցությունից: Մեզ մոտ գործում է հակառակ մեխանիզմը: Տնտեսվարողը հայ ժողովրդի  ընկերն է, բոլոր վերահսկող մարմինների ընկերը՝ որակի եւ անվտանգության վերահսկողությունից մինչեւ գների կարգավորումը: Ես չեմ ասում, որ նա թշնամի է, հակառակը, սակայն ինչպե՞ս կարելի է  մոռանալ բնակչության մասին», - նշեց նա: