Հայաստանի խորհրդարանը քննարկել է երկրի էլեկտրամատակարարման համակարգի զարգացման համար Համաշխարհային բանկի վարկի հարցը: Համաձայնագրի նախագիծը դեկտեմբերի 16-ին ներկայացրել է Հայաստանի Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը:

Համաշխարհային բանկի հետ (Վերակառուցման եւ զարգացման համաշխարհային բանկի - IBRD) համաձայնագիրը ստորագրվել է օգոստոսին: Վարկի չափը 40 մլն դոլար է, 25 տարի ժամկետով՝ 10 տարվա արտոնագրային ժամանակահատվածով:

Ծրագրով նախատեսվում է փոխել 220 կՎ-անոց «Հաղթանակ» եւ «Չարենցավան 3», ինչպես նաեւ 110 կՎ-անոց «Վանաձոր 1» կայանները, որոնց 30-ամյա սարքավորումները վաղուց հնացած են: Ծրագիրը 2014-18թ.թ. իրականացնելու է «Հայաստանի բարձրավոլտ ցանցեր» ընկերությունը: