Եվրամիությունը միշտ սատարել եւ սատարելու է ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ երկարաժամկետ կարգավորումը՝ գոյություն ունեցող բանակցային ձեւաչափի հիման վրա: Այս մասին դեկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
Անդրադառնալով այդ հարցում ԵՄ ցուցաբերած աջակցությանը՝ նա նշեց, որ աջակցություն արդեն եղել է:
«Եվրամիությունը «Կայունության գործիքի» միջոցով որոշակի ծրագրեր է ֆինանսավորել՝ ուղղված երկխոսության հաստատմանը, որոնք իրականացվել են ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկայում այդ ծրագրի երկրորդ փուլն է անցկացվում»,- ընդգծեց Տրայան Հրիսթեան:




























