Հայաստանում դոլարը գերագնահատված է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա խոսքով դրա հիմնական պատճառը խուճապն է եւ որոշ անձանց կողմից սպեկուլյացիաները:
Հայկական դրամի իրական փոխարժեքը, ըստ Ջավադյանի, հայտնի կդառնա այն բանից հետո, երբ կվերանան գերագնահատման պատճառները: Դրանից հետո, ամենայն հավանականությամբ, դրամի փոխարժեքը զգալիորեն կաճի:
Հայաստանի ԿԲ նախագահը կրկին զգուշացրել է, որ արտարժույթի սպեկուլյացիոն փոխարկումը կարող է հանգեցնել զգալի ֆինանսական կորուստների: «Կրկին կոչ ենք անում ողջամիտ լինել եւ ձեռնպահ մնալ փոխարժեքների տարբերության վրա գումար աշխատելու գայթակղությունից»,-ամփոփել է Ջավադյանը:
Նոյեմբերի 24-ից Հայաստանում դոլարի փոխարժեքը կտրուկ աճել է. դրամն արդեն շուրջ 1/3-ով արժեզրկվել է:




























