Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում, դեկտեմբերի 15-ին սկսվել է Մոլդովայի, Հայաստանի եւ Լատվիայի վերահսկիչ պալատների նախագահների աշխատանքային հանդիպումը:

Հաջորդ օրը ստորագրվել են մի շարք կարեւոր փաստաթղթեր՝ երկկողմ եւ եռակողմ համագործակցության ոլորտում: «Վերահսկիչ պալատներին չի կարելի դիտարկել որպես պատժող ձեռք, մենք ավելի շատ պետք է օգնենք, որպեսզի կառավարությունը, գործադիր եւ օրենսդիր իշխանության թեւերը կարողանան բյուջեի պլանավորումից մինչեւ ծախսային մասը ճիշտ ճանապարհ անցնել»,- իր ելույթում նշել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Լատվիայի ՎՊ նախագահ Կրումինան անհրաժեշտ է համարել իրենց կուտակած փորձը հաղորդել գործընկերներին, որպեսզի ավելի խորը արմատավորվեն ԻՆՏՈՍԱԻ սկզբունքներն ու արժեքները:

Մոլդովայի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավար Սերաֆիմ Ուրեկյանն անդրադարձել է համատեղ ստուգումների գաղափարին՝ այն համարելով սկզբունքային՝ հատկապես իրենց երկրների միջեւ գոյություն ունեցող ապրանքաշրջանառության ոլորտում:

Այցի շրջանակներում Իշխան Զաքարյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, եղավ հայկական եկեղեցում, ծանոթացել կիրակնօրյա դպրոցի ավանդույթներին:

ՎՊ նախագահի այցը Մոլդովա ավարտվել է այսօր՝ դեկտեմբերի 17-ին: