Սպեկուլյատիվ գործարքները կարճաժամկետ են լինելու, դրանից հետո դրամը կայունանալու է եւ նույնիսկ չի բացառվում, որ այն կարժեւորվի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կանխատեսում արեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

«Կարծում եմ, որ խուճապի կարիք չկա, հատկապես այսօրվա հայտարարություններից հետո: Մեր կանխատեսումով՝ սպեկուլյատիվ գործարքները կարճաժամկետ են լինելու: Պետության գործառույթներն իրականացնելու դեպքում հնարավոր կլինի իսկապես խուսափել ապակայունացնող գործոններից եւ նաեւ մենք կանխատեսել ենք, որ հնարավոր է հակառակ տենդենցը՝ դրամի արժեւորում, բայց դրանից առաջ պետք է հասնել դրամի կայունության եւ վերահսկելիության: Այնուհետեւ արդեն դրական արդյունքներ կունենանք, այդ թվում գների կայունություն»,- ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ պետք է անպայման բացահայտել, թե ովքեր են կանգնած այդ սպեկուլյատիվ գործարքների հետեւում եւ պատասխանատվության ենթարկել նրանց:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, այնուամենայնիվ, համոզված է, որ Հայաստանում այս պահին տնտեսական քաոս է, իսկ պատճառները շատ են:

«Առաջին՝ Հայաստան մտնող դոլարի քանակը նվազել է, որովհետեւ արտահանման ծավալները քչացել են, Ռուսաստանից տրանսֆերտներն ավելի շատ գալիս են ռուբլիով, քան դոլարով: Բացի դրանից՝ մեր արտահանողները հին գներով են աշխատում, քանի որ ռուսական կողմը չի համաձայնվում վերանայել պայմանագրերը, որպեսզի իրենց մոտ գնաճ չլինի: Երրորդ՝ գնողունակության անկում կա: Ինչ վերաբերվում է գնաճին, ապա  գործարարները սկսել են թանկ գներով բերել, բայց կան նաեւ այնպիսիք, որոնք օգտվում են իրավիճակից եւ բարձրացնում գները», ասաց նա:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ Կենտրոնական բանկը պլանավորում էր կարգավորել իրավիճակը, սակայն այսօր նույնիսկ մեկ օրվա կտրվածքով չի կարողանում կանխատեսում անել. «Կենտրոնական բանկը չգիտի զսպել, թե պահել: Երկու դեպքում էլ մենք վնասներ կունենանք: Սա տնտեսական քաոս է, որը գնահատված չէ, թե ինչքան է տեւելու, իսկ Ռուսաստանի տնտեսությունն էլ արագ չի վերականգնվելու, դա հաստատ է»:

Տնտեսական քաոսից դուրս գալու համար գործատուների միության նախագահն առաջարկում է կառավարությանը Կենտրոնական բանկի հետ փոխահատուցել արտահանողների կորուստները, ինչպես նաեւ օգնել սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ապրող քաղաքացիներին:

«Պահածոների, գինիների արտադրությամբ զբաղվողները 15-23% վնաս են կրել, կոնյակի արտադրության զբաղվողները՝ մինչեւ 60%: Կառավարությունը պետք է օգնի արտահանողներին դուրս գալ իրավիճակից: Մի մասը դոլարով վարկեր ունի, հիմա կամ պետությունը պետք է օգնի, կամ այդ գործարարները կսնանկանան՝ իրենց գույքը թողնելով բանկերին: Բացի դրանից՝ կառավարությունը պետք է ստվերին դուրս բերի, այսպիսով կկարողանա բյուջե լրացուցիչ գումար բերել: Մոտ 100 մլն դոլարով կարելի է իրավիճակը մի քիչ կարգավորել»,- նշեց Գագիկ Մակարյանը:

Նշենք, որ վերջին օրերին դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրանում է, ինչի հետեւանքով էլ առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են: