Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը 16 անգամ մեծացել է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն:

Նրա խոսքով՝ 2012թ. ապրանքաշրջանառությունը մոտեցել է 50 մլն դոլարի: «Այժմ ավելի քիչ է, դրա պատճառները կապված են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ: Մենք դա համարում ենք ժամանակավոր երեւույթ, եւ ծրագրում ենք, որ մոտ ժամանակներս դրական առաջընթաց կարձանագրվի»:

Ինչպես նշեց դեսպանը, Հայաստանի եւ Բելառուսի միջեւ հարաբերությունները վերջին տարիների ընթացքում կայուն կերպով զարգանում են եւ քաղաքական, եւ տնտեսական պլանում:  «Քաղաքական պլանում ընդհանրապես հարցեր չկան, քանի որ, առաջին  հերթին, մենք ԱՊՀ-ի անդամ ենք, երկրորդը, հանդիսանում ենք ՀԱՊԿ ռազմաքաղաքական կազմակերպության մասնակից-երկիր, եւ 3-րդը՝ հունվարի 1-ից մտնում ենք միասնական տնտեսական տարածք, միասնական Եվրասիական տնտեսական միություն: Միջազգային հարթություններում մեր դիրքորոշումները կամ լիովին համընկնում են, կամ շատ մոտ են: Ուստի կարելի է  միանշանակ պնդել, որ քաղաքական համատեքստում մեր հարաբերությունները ամենաբարձր մակարդակում են», - նշեց դեսպանը:

Բելառուսը Հայաստան է մատակարարում ապրանքների բավականին լայն սպեկտր. ծանր տեխնիկա, «Բելազներ», գյուղատնտեսական տեխնիկա, ավտոբուսներ, տրակտոր, թեթեւ արդյունաբերության արտադրանք, ավելանում են պարենային ապրանքների՝ մսամթերքի եւ կաթնամթերքի, որակյալ օղու մատակարարումը: Բելառուսում, առաջին հերթին, հայտնի են հայկական կոնյակը, հյութերը, սկսվել են նաեւ մուրաբաների՝ թուզի, ծիրանի, դեղձի մատակարարումները: «Մրցակիցների համար որոշակի պատնեշներ կհաստատվեն, իսկ միասնական շուկայի մասնակիցների համար լրացուցիչ ազդակներ կհաղորդվեն»: Մենք կանխատեսում ենք ապրանքաշրջանառության աճի լուրջ առաջընթաց», - ընդգծեց դեսպանը: