Հարավային Կովկասում տնտեսական շփումների մասին քննարկումները կարող են երկխոսության համար ավելի մեծ արդյունք տալ, քան միայն ներկա թեմաների քննարկումը: Այս մասին հայտարարել է Հարավային Օսիան ներկայացնող փորձագետ Ալան Պարաստաեւը՝ Երեւանում «Թբիլիսիի, Սուխումի եւ Ցխինվալի միջեւ մարդասիրական եւ մշակութային համագործակցության հեռանկարները» թեմայով լսումների ժամանակ:

Որպես նմանատիպ հաջող օրինակ նա նշել է International Alert կազմակերպության «Բիզնես եւ հակամարտություն» նախագիծը, որին մասնակցում են Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Արցախի ՀԿ-ներն ու գործարարները:

Արդյունավետ է եղել քննարկումը նաեւ իրական կյանքում. Չնայած սառեցված հակամարտությանը, Վրաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ Էրգնեթիի շուկան երկար տարիների շփման կետ էր: «Դա փաստացի ազատ առեւտրի գոտի էր վրաց-օսական սահմանին: Այն ժողովուրդների տնտեսության ոլորտում համագործակցության եւ համաձայնության մթնոլորտում ապրելու բնական ցանկության վկայությունն էր»,-ասել է Պարաստաեւը՝ հավելելով, որ Սահակաշվիլիի օրոք այդ շուկայի փակվելուց հետո բախումներ սկսվեցին, որոնք հանգեցրին 2008-ի պատերազմին: «Հասունացել է հետազոտություն անցկացնելու հարցը, թե ինչպես է Հարավային Օսիայի հասարակությունը դրական կամ բացասական վերաբերվում օրինական առեւտրային հարաբերությունների ստեղծմանը»,-հավելել է նա:

Վրացի քաղաքական մեկնաբան Դմիտրի Ավալիանին իր հերթին նշել է, որ Էրգնեթիի շուկան, թեեւ իրականում մաքսանենգությանը խոռոչ էր եւ հսկայական վնաս էր հասցնում երկրի բյուջեին, բայց համատեղ հարթակ էր վրացի եւ օս քաղաքացիների համատեղ գործունեության համար, ինչը նպաստում էր վստահության ամրապնդմանը: