Ռուսաստանը պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Աբխազիային, եթե դա պահանջվի։ Այս մասին Սուխումում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ վարչապետը հայտնել է, որ Ռուսաստանն ու Աբխազիան մշակել են ենթակառուցվածքի, զբոսաշրջության, տրանսպորտի, կապի ու էներգետիկայի զարգացման համատեղ գործողությունների ծրագիր։ «Եթե Աբխազիայի ժողովուրդը կարողացավ անկոտրում մնալ շրջափակման և չդադարող պատերազմի պայմաններում, ապա գլուխ կհանի նաև իր տնտեսության վերածնումից այն պայմաններում, երբ Ռուսաստանը ցուցաբերում է և շարունակելու է տնտեսական, քաղաքական, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ռազմական աջակցություն ցուցաբերել»,- ընդգծել է Պուտինը։ 2010-2011 թթ. Աբխազիայի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի համաձայն, ըստ Պուտինի, Ռուսաստանը կհատկացի 10,9 մլրդ. ռուբլի։