«Հարավային հոսք» նախագծի հարցը դեռեւս Եվրոպական հանձնաժողովում քննարկումների փուլում է՝ ԵՄ անդամ երկրների ներառվածությամբ, որոնց առնչվում է այն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, անդրադառնալով հարցին՝ Եվրոպան ունի այլընտրանք «Հարավային հոսք» գազատարի փոխարեն, որին մասնակցելուց հրաժարվել էր Ռուսաստանը:
Ըստ դեսպանի՝ հարցը, թե կա արդյոք այլընտրանք այս նախագծին, թե ոչ, շարունակում է մնալ ապագա քննարկումների առարկա: Ինչ վերաբերում է նրան, թե ունի արդյոք Եվրոպան այլընտրանք ռուսական էներգառեսուրսների փոխարեն, Հրիսթեան ընդգծել է, որ այլընտրանք միշտ էլ կա: «Իհարկե, դա կարող է լինել էներգառեսուրսների բարելավված օգտագործում, ինչպես նաեւ դիվերսիֆիկացիա եւ այլ աղբյուրներից ներմուծում, սակայն սա այն հարցը չէ, որը կարող է լուծվել այսօր կամ վաղը: Բացի այդ, ՌԴ որոշումը վերաբերել է մատակարարման ուղու փոփոխությանը, սակայն ոչ ռեսուրսների նշանակման վերջնակետին», - նշել է Տրայան Հրիսթեան՝ հավելելով, որ դեռ վաղ է խոսելը, թե արդյոք սա դրական կամ բացասական քայլ էր Եվրոպայի համար:
Հիշեցնենք, որ 2014 թ. դեկտեմբերի 1-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր «Հարավային հոսք» նախագծից Մոսկվայի հրաժարվելու մասին:




























