Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Ռուսալ Արմենալ» ընկերության ղեկավարության դեմ գործարանի բանվորների հայցադիմումի հիման վրա հարուցված գործի առաջին դատական նիստը։ «Ռուսալ Արմենալ»-ի 117 բանվորներ պահանջում են վճարել հավելավճարներ՝ 2004 թ. փետրվարի 1-ից մինչեւ 2008 թ. սեպտեմբեր ժամանակահատվածում առողջության համար առանձնապես վտանգավոր արտադրամասում աշխատելու համար։ Նշենք, որ 2008 թ. սեպտեմբերից հետո նման հավելավճարներ վճարվում են։ Հայցվոր բանվորների մեծ մասը հիմա էլ շարունակում են աշխատել գործարանում։
Դատական նիստին մասնակցելու համար Երեւան են ժամանել «Ռուսալի» ներկայացուցիչները, մասնավորապես՝ իրավաբանական բաժնի ներկայացուցիչ Միխայիլ Լիմիտը։
Նիստի ընթացքում բանվորների շահերը ներկայացնող դատապաշտպան, «Լեվ Գրուփ» ընկերության ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց «Ռուսալ Արմենալից» համապատասխան տեղեկանք ստանալու համար, որում նշված կլինի, թե հայցվոր բանվորները 2004-08 թ.թ. գործարանի ո՞ր արտադրամասում են աշխատել, որպես ի՞նչ են աշխատել եւ որքա՞ն աշխատավարձ են ստացել։ Լ. Բաղդասարյանը միջնորդության անհրաժեշտությունը հիմնավորեց նրանով, որ բանվորները չեն ստանում աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը, իսկ աշխատանքից ազատվելու դեպքում՝ հրամանի քաղվածքն ու աշխատանքային գրքույկը։ Փաստորեն՝ գործով որպես ապացույց ներկա պահին պետք է ծառայի հենց գործարանի կողմից տրամադրված տեղեկանքը, քանի որ բանվորները որեւէ այլ կերպ իրավաբանորեն չեն կարող ապացուցել, որ տվյալ գործարանում աշխատել են։
«Ռուսալ Արմենալի» շահերի պաշտպանները ամեն կերպ փորձեցին խոչընդոտել միջնորդությանը, սկզբում պատճառաբանեցին, թե նման տեղեկանքի պատրաստումը երկարատեւ ու ժամանակատար աշխատանք է, այնուհետեւ փորձեցին դատավորին համոզել, որ տեղեկանքի անհրաժեշտություն ընդհանրապես չկա։ Այս պահվածքը առաջ բերեց դատավոր Սարիբեկ Արամյանի վրդովմունքը։ Նա հայտարարեց, որ «Ռուսալ Արմենալը» անհասկանալիորեն խուսանավելու քաղաքականություն է վարում ու բավարարեց միջնորդությունը։ «Ռուսալ Արմենալին» տրվեց 1 ամիս ժամանակ՝ պահանջվող տեղեկանքը ներկայացնելու համար։ Սրանով դատական առաջին նիստն ավարտվեց։
Նիստից հետո Ռուսաստանից ժամանած հյուրերը կտրականապես հրաժարվեցին մամուլին որեւէ պարզաբանում տալ։ Իսկ հայցվորների դատապաշտպան Լ. Բաղդասարյանը NEWS.am-ին ասաց հետեւյալը. «Մեր պահանջը արդար է եւ միանշանակ ենթակա է բավարարման։ Ցավում եմ, որ նման կարգի հարցերը Հայաստանի Հանրապետությունում միայն դատարանի միջոցով են լուծվում։ Նորմալ երկրներում դա վարչական կարգով` հասարակական կազմակերպությունների եւ արհկոմների միջոցով շատ արագ լուծվում է։ Ավելին, զարգացած երկրներում նման դեպքի համար վարչական պատասխանատվության են ենթարկում։ Մեր օրենսդրությունն էլ է նախատեսում վարչական պատասխանատվություն, սակայն ցավոք դա չի կիրառվում»։
Սամվել Ավագյան



























