Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բեռների տարանցման ռեժիմի փոփոխություններ չկան եւ չեն սպասվում: Այս մասին դեկտեմբերի 24-ին լրագրողներին հայտարարեց «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը: Նրա խոսքով, ապրանքների տարանցման համար անհրաժեշտ իրավական ամբողջ դաշտն արդեն կարգավորված է:

Այն առնչությամբ, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը՝ նրա հետ ընդհանուր սահման չունենալով, անհանգստություն էր առաջացրել, որ Հայաստանը կարող է երրորդ երկրի միջով բեռների փոխադրման հետ կապված դժվարություններ ունենալ: «Սակայն խնդիրների կարգավորման շուրջ աշխատանքներն ավարտվել են, վերջնական փաստաթղթերը՝ ստորագրվել»,- հավելեց Աղաջանյանը:

Գործնականում միայն մեկ բան է փոխվելու. Ռուսաստան ապրանքների արտահանումը հիմա արդեն ձեւակերպվելու է որպես ներքին տարանցում: «Հետեւաբար, Ռուսաստանի համար արտահանման հայտարարագիր չի ձեւակերպվելու, այլ միայն տարանցիկ՝ Վրաստանի համար»,- հավելեց նա: