ՀՀ Կառավարությունը տորպեդահարում է օրենքը, որով Հայաստանում կհեշտանա ոսկու ձուլումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Երեւանի ոսկերչական գործարան-1» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Էմիլ Գրիգորյանը:

Փոփոխությունների նախագիծն առաջարկում է վերացնել ԱԱՀ-ն  ոսկու եւ արծաթի խառնուրդի հետ կապված գործարքներից, որից էլ  ոսկի են ձուլում: Իսկ այժմ փորձագետները նախընտրում են խառնուրդն արտահանել, քանի որ ԱԱՀ-ից արտահանումն ազատված է:

«Մենք շարունակում ենք պայքարել ֆինանսների նախարարության հետ, որպեսզի օրինագիծը որքան հնարավոր է արագ ընդունեն: Նպատակն այն է, որ Հայաստանում ոսկին վերամշակելը մեզ կամ մեկ ուրիշի համար ավելի հեշտ լինի», - հավելել է Գրիգորյանը: Առանց դրա ոչ մի, նույնիսկ գերժամանակակից գործարան չի կարող իր կողմը գրավել հանքարդյունաբերական մատակարար ընկերություններին, նշել է նա:

Ի պատասխան հարցին՝ պատրաստ է արդյոք մասնակցել շվեյցարահայ մուլտիմիլիոնատեր Վարդան Սիրմակեսի ոսկու վերամշակման գործարանի նախագծին (Սիրմակեսը մտադրությունների  հուշագիր է կնքել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ հոկտեմբերի վերջին), Գրիգորյանը հայտարարել է, որ երկրում արդեն կա ոսկու վերամշակման երկու գործարան: «Մեկն իմն է՝ երկու տոննա ծավալով (տարեկան), մյուսը նույնպես երկու տոննա ծավալով է: Ասենք թե նա կկառուցի երրորդը: Ի՞նչ կտա դա, եթե ոչ ոք հումք չվաճառի: Ահա թե որն է խնդիրը», - նշել է Գրիգորյանը:

Այստեղից էլ ԱԱՀ-ն վերացնելու վերաբերյալ օրինագծի անհրաժեշտությունը, հավելել է նա: «Արեւմուտքի համար կարող է ձեռնտու լինել, որպեսզի ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, քանի որ նրանք ցանկանում են, որպեսզի ողջ ոսկին իրենց մոտ հոսի: Իսկ մենք մտածում ենք, որ մեր բնական պաշարները մնան եւ վերամշակվեն մեզ մոտ», - նշել է Գրիգորյանը: