Անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանը դուրս է եկել տարբեր սոցիալական պահանջմունքներ ունեցող 170 մլն-անոց շուկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Նրա խոսքով՝ շատ հայ գործարարներ ծանոթ են այդ շուկային, չունեն լեզվական խոչընդոտ, սակայն անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունը մարքեթինգային ծրագրեր իրականացնի: «Դա անհրաժեշտ է փոքր ու միջին բիզնեսի համար, որպեսզի նրանք ԵՏՄ-ում զբաղեցնեն իրենց անհրաժեշտ տեղը: Չմոռանանք նաեւ, որ Հայաստանը երեք անգամ ավելի շատ է ներմուծում, քան արտահանում»,-ընդգծեց Շահգելդյանը:
Նա նաեւ հավելեց, որ անհրաժեշտ է ԵՏՄ երկրների հետ տնտեսական կապերի զարգացման կենտրոն ստեղծել: ՕԵԿ անդամը կարծում է, որ շուկայի դիվերսիֆիկացիան երնթադրում է նաեւ տնտեսական կապերի զարգացում ինչպես ԵՄ երկրների, այնպես էլ հարեւան Իրանի հետ:
Մհեր Շահգելդյանի խոսքով՝ Հայաստանը կարող է տնտեսական առումով կամուրջ դառնալ ԵՏՄ երկրների եւ Արեւմուտքի միջեւ: «Հայաստանում արեւելյան ներդրումների լուրջ հնարավորություններ կան, քանի որ Արեւելքում գիտակցել են, որ Հայաստանը մոտ է իրենց եւ կարող է ցատկահարթակ դառնալ ԵՏՄ շուկա դուրս գալու համար: Արեւելքի երկրների հայ համայնքները արդեն դա հասկանում են»,-ամփոփեց ՕԵԿ-ական պատգամավորը:




























