Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակում:

Ըստ ռադիոկայանի՝ գլխավոր դատախազության առնվազն 10 աշխատակիցներ ոստիկանների ուղեկցությամբ ներխուժել են կազմակերպության գրասենյակ եւ հայտնել, որ իրենք գրասենյակը փակելու վերաբերյալ դատարանի որոշում ունեն:

Հաղորդվում է, որ անջատված են ներքին հեռախոսներն ու ինտերնետը: Խուզարկությանը մասնակցում են վկաներ, որոնց բերել են գլխավոր դատախազության աշխատակիցները:

Գրասենյակում գտնվող 20 աշխատակիցներին  հավաքել են մեկ սենյակում եւ թույլ չեն տալիս մոտենալ համակարգիչներին կամ լքել շենքը: Գլխավոր դատախազության աշխատակիցները պահանջել են բացել չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում են կազմակերպության փաստաթղթերը:

Ըստ գերատեսչության՝ քննչական միջոցառումներն անց են կացվում գրասենյակի՝ որպես արտասահմանից ֆինանսավորվող ոչ առեւտրային կազմակերպության գործունեությունը հետաքննելու շրջանակում:

Նշվում է, որ Ադրբեջանի իրավապահները նման ստուգայցեր վերջին տարիներին անց են կացրել IREX-ի եւ Ժողովրդավարության ազգային ինստիտուտի գրասենյակներում: Երկու կազմակերպություններն էլ փակվել են: