Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գերեվարված ղարաբաղցի պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանն իրականում միջադեպի ընթացքում չի գերեվարվել, այլ դատից է փախել:
NEWS.am-ի տվյալով՝ երիտասարդի նկատմամբ քրգործ էր հարուցվել, եւ հաջորդ շաբաթվանից ոչ ուշ պետք է կայանար դատը:
Ըստ տեղեկությունների՝ այժմ արդեն նախկին պայմանագրային զինծառայողը աչքի է ընկել անկարգ վարքով, որն էլ դարձել է քրեական հետապնդման պատճառ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արսեն Բաղդասարյանը գերի է ընկել նախօրեին: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ հերքելով Ադրբեջանի տեղեկությունը, թե իբր միջադեպ է տեղի ունեցել: «Ինչ վերաբերում է Արսեն էդուարդի Բաղդասարյանի գերի ընկնելուն, ապա այդ անձը, լինելով ԼՂՀ պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է զորամասը, որի համար էլ հրամանատարության որոշմամբ ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից», - ասվում է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:




























