ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, փոխնախարար Արթուր Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Զինված ուժերի N զորամաս: Ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով զինվորներին եւ սպայական կազմին, նախարարը նշել է. «Հայրենիքը սկսվում է սահմանից, սահմանը` զինվորից: Հայրենիքը մեր ծննդավայրն է, մեր տունը, ծնողն ու զավակը. սրանք հայի համար սրբազան արժեքներ են»:
Իր խոսքում նախարարը նշել է, որ հայկական բանակը վայելում է ժողովրդի եւ հասարակության լիակատար վստահությունն ու աջակցությունը: Նախարարը խոսել է նաեւ բանակ-մշակույթ կապի մասին, հայրենասիրական դաստիարակության գործում կարեւորելով մշակույթի դերը: Այս համատեքստում, Հ. Պողոսյանը ներկայացրել է հաջորդ տարի կայանալիք այն ծրագրերն ու միջոցառումները, որոնց զինվորները հաղորդակից կլինեն մշակութային օջախներում, ինչպես նաեւ՝ տարբեր զորամասերում: Այնուհետեւ, նախարարը Ամանորի նվերներ է հանձնել զինծառայողներին եւ թոնրում թխված թարմ լավաշ, նշելով. «Հայ զինվորն անձնվիրաբար պաշտպանում է մեր սահմանները, իսկ մենք այս տարի «պաշտպանեցինք» մեր լավաշը, որն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, համալրելով այդ ցանկը եւս մեկ տարրով»:
Այնուհետեւ, Հ. Պողոսյանը շնորհավորել է զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել քաջառողջություն, խաղաղ երկինք, բարենպաստ եւ արգասաբեր տարի: Հանդիպումն ավարտվել է «Մարաթուկ» ազգագրական երգի ու պարի համույթի համերգով:




























