Դեկտեմբերի 29-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց հանդիպում հայկական «Ազդակ», «Զարթոնք» եւ «Արարատ» օրաթերթերի ղեկավարների հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպումների ժամանակ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու շնորհավորանքները, ինչպես նաեւ դրամական նվիրատվությունն Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Լիբանանահայ օրաթերթերին հասցեագրված ուղերձում ՀՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ նվիրվածության, հայրենասիրության, գործադրած ջանքերի եւ գրչի ճկունության շնորհիվ նրանք հաղթանակած դուրս կգան դժվարին քարոզչական պայքարում եւ կնպաստեն Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մասին համապարփակ նյութերի պատրաստմանը:

Դեսպան Քոչարյանը նույն օրն այցելեց Լիբանանի հայ համայնքի ընկերային ծառայողների միության մտավոր խնդիրներ ունեցող հայ մանուկների «Զվարթնոց» կենտրոն:

«Զվարթնոց»-ի ղեկավարներին ու սաներին հասցեագրված ուղերձում ՀՀ նախագահը բարձր է գնահատել մանկավարժների նվիրյալ եւ ազգանվեր գործունեությունն՝ ուղղված հայ մանուկների եւ երիտասարդների կրթական, հոգեբանական եւ ֆիզիկական զարգացմանը:

Հանդիպումների ժամանակ լրատվամիջոցների ու «Զվարթնոց» կենտրոնի ղեկավարներն իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` շարունակական հոգատարության եւ ուշադրության համար եւ հավաստիացրին, որ ջանք չեն խնայի շարունակելու իրենց գործունեությունը հայապահպանության, հայեցի դաստիարակության եւ Հայաստան-Սփյուռք կապերի խորացման ուղղությամբ:

Մոտակա օրերին դեսպան Քոչարյանը կայցելի նաեւ Ջբեյլի «Թռչնոց Բույն» մանուկների հաստատություն` ՀՀ նախագահի շնորհավորանքներն ու նվիրատվությունը փոխանցելու նպատակով: